BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Հազիվ թե որևէ կուսակցություն կամ դաշինք համաձայնի ընդունելու Հովիկ Աբրահամյանին»

«Հազիվ թե որևէ կուսակցություն կամ դաշինք համաձայնի ընդունելու Հովիկ Աբրահամյանին»
31.01.2017 | 00:18

ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալուց հետո քննարկման թեմա է դարձել՝ այս քայլից հետո կուսակցությունը շահե՞ց, թե՞ կորցրեց։ Իհարկե, ՀՀԿ-ն այնքան «մաքրվելու» տեղ ունի, որ միայն Հովիկ Աբրահամյանից «ազատվելով» նրա երեսը չի պարզվի։ Քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ այս առնչությամբ «Իրատեսը» մի քանի հարց ուղղեց։

-Պարոն Քոչարյան, Հովիկ Աբրահամյանի հեռանալով ՀՀԿ-ն շահե՞ց, թե՞ կորցրեց։
-ՀՀԿ-ն միայն Հովիկ Աբրահամյանի դուրս գալով չէ, որ պետք է մաքրվի։ Այնքա՜ն մարդ կա, որոնց դուրս գալուց հետո միայն կուսակցությունը կմաքրվի։ Այսօր ամենամեծ խնդիրը Հովիկ Աբրահամյանն ունի։ Երբ հայտարարում է, թե մնում է քաղաքականության մեջ, նշանակում է` ինչ-որ ուժի հետ պետք է համագործակցի։ Նոր կուսակցություն ստեղծելն անիմաստ է, քանի որ բաց կթողնի այս ընտրությունները, իսկ ինչ դաշինք էլ մտնի, այդ ուժի համար վնաս կլինի։ Խնդիրն այն չէ, որ նրա ներկայությունը ՀՀԿ-ի համար է վատ, շատ ավելի վատ է նաև մյուս բոլոր ուժերի համար, որտեղ նա կցանկանա լինել։
-Փաստորեն, ՀՀԿ-ն բոնո՞ւս ստացավ Հովիկ Աբրահամյանի հեռացմամբ։
-Այս ընթացքում ՀՀԿ-ն մեկ քայլ է արել, որով թարմացնում է իր կազմը։ Խոսքը Կարեն Կարապետյանի և նրա թիմի մասին է։ Բայց այստեղ ավելի շատ Կարեն Կարապետյանի դերն է, քան ՀՀԿ-ի, որն այս ամենի հետ շատ քիչ կապ ունի։
-«Մայր գետերի» և «վտակների» մասին փոխաբերությանը հետևեց Հովիկ Աբրահամյանի արձագանքը, ինչին էլ հաջորդեց երիտհանրապետականների քննադատությունը։ Այս կսմիթներից հետո հնարավո՞ր է` «կեղտը ջրի երես դուրս գա»։
-Այդ կեղտը հանրության համար վաղուց է ջրի երես դուրս եկել, իրենք չէին ուզում տեսնել այդ ամենը։ Հիմա կարծես փորձում են տեսնել։
-Որ տեսան, ինչ-որ բան կփոխվի՞։
-Կապրենք, կտեսնենք, թե ինչ կփոխվի։
-Հնարավո՞ր է` խնամի Գագիկ Ծառուկյանի պես Հովիկ Աբրահամյանն էլ ինչ-որ պահի ՀՀԿ-ի «ձեռքով» խաղից դուրս դրվի, բիզնեսները հանկարծ հայտնվեն ուշադրության կենտրոնում։
-Հայաստանում ոչինչ չի բացառվում։ Կախված է նրանից, թե Հովիկ Աբրահամյանն ինչքան հեռու կգնա։
-Ասացիք, թե Հովիկ Աբրահամյանը որ կողմ էլ գնա, վնասելու է, բայց նա ուզում է քաղաքականության մեջ մնալ, ինչպե՞ս պետք է վարվի։
-Ես ինքս էլ չեմ տեսնում, թե որտեղ պետք է գնա։ Չեմ կարծում, թե որևէ կուսակցություն կամ դաշինք համաձայնի ընդունելու նրան։ Իհարկե, խոսքը հրապարակավ համագործակցության մասին է։ Ստվերային համագործակցություն ինչ-որ ուժերի հետ հնարավոր է, բայց սա չեղավ քաղաքականության մեջ մնալ։ Որևէ դաշինքում լինելը, առավել ևս ցուցակի բարձր հորիզոնականներ զբաղեցնելը քիչ հավանական եմ համարում։ Ոչ ոք ինքնասպան չէ։
-Հիմա խոսվում է լայն դաշինքի մասին` Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան միավորումով։ Այս միավորի մեջ տեղ չի՞ գտնվի Հովիկ Աբրահամյանի համար։
-Նախ` այդպիսի մեծ համախմբմանը չեմ հավատում։ Եթե այդպիսի բան լինի, չի բացառվում։

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ